Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունը Կտրիճ) ծնվել է 1951թ., Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նրա ծնորղները Գրիգոր և Խաթուն Ներսիսյաններն էին: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը: Գերազանց առաջադիմությամբ ավարտել է ճեմարանը, ապա նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան: 1970թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ: 1972թ. Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռամբ, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Այնուհետև, երջանկահիշատակ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ բարձրագույն կրոնական կրթությունն շարունակել է նախ Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, ապա Բոննի համալսարանում, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Սերգիոս վանքի եկեղեցական ակադեմիայում: 1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին` Առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992թ. ստացել արքության պատիվ և տիտղոս: Առաջնորդական փոխանորդ լինելու տարիներին հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք էլ հայրապետության վաղ տարիներին ամուր հիմնաքար են եղել: 1989թ. Տ. Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ հիմնվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը: Այսօր, Վազգենյան հոգևոր դպրանոցի հնգամյա ուսումնառությունը հիմք է հանդիսանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում մեկամյա ուսումնառության համար: Նորանկախ երկրի երիտասարդ սերնդի արտադպրոցական կրթությունը ապահովելու համար, 1993թ., Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ, Երևանի նախկին կոմունիստական պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն: Հայաստանի հանրակրթական և կիրակնօրյա դպրոցներում քրիստոնեական դաստիարակության սեմինարներ և դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով, Տ. Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի ջանքերով, 1991թ. հիմք է դրվում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ստեղծմանը: 1995թ. Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնում է Շողակաթ հեռուստաընկերությունը` արխիվային և կրթական տեսանյութերի միջոցով տարածելու քրիստոնեական հավատքի առաքելությունը: 1995թ. Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը կաթողիկոսական ընտրության ժամանակ հավանական թեկնածուներից մեկն էր: Սակայն , նա հանեց թեկնածությունը հօգուտ Գարեգին Ա Կաթողիկոսի: 1998թ., Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, Գարեգին Ա. Կաթողիկոսի կողմից նշանակվում է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ: 1990-1999թթ. եղել է Ամենայն հայոց կաթողիկոսության Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 1999թ. հոկտեմբերի 27-ին, փակ քվեարկությամբ, որը տեղի է ունեցել Մայր Տաճարում, Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է 132-րդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս: Նույն թվականի նոյեմբերի 4-ին ստացել է Կաթողիկոսական օծում: Ընտրվելուց հետո, Ամենայն հայոց կաթողիկոսը, հանձն է առել ներեկեղեցական կյանքում բարեփոխումների և վերակազմակերպման դժվարին գործը՝ վերակառուցելով եկեղեցիներ և վանքեր: Ամուր հիմքերի վրա է դրել քրիստոնեական կրթությունը՝ նոր կյանք և աշխուժություն տալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթարաններին: Ուշադրության կենտրոնում է եղել նոր սերնդի հոգևորականներ պատրաստելու գործը՝ ամբողջ աշխարհի հայ հավատացյալներին ծառալու համար:
Հայրապետական այցեր և հանդիպումներ
Գարեգին Բ. Հայրապետը գահակալությունից կարճ ժամանակ անց առաջին անգամ ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, այցելել հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի հետ: Սուրբ քաղաք այցի ընթացքում հանդիսապետել է Սուրբ ծննդյան տոնակատարությունները: Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այցով եղել է Հայ եկեղեցու շուրջ 40 աշխարհասփյուռ թեմում ու համայնքում: Այցերի ընթացքում համդիպումներ է ունեցել հայ համայնքների ղեկավարների և անդամների հետ՝ հավատավոր ժողովրդին տալով հայրապետական պատգամն ու օրհնություն: Հանդիպումներ է ունեցել նաև աշխարհիկ և կրոնական առաջնորդների հետ և հանդիսապետել հատուկ արարողություններ: Միջեկեղեցական կապերի ամրապնդման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Քույր Եկեղեցիներ և հանդիպում ունեցել առաջնորդների հետ: Հայրապետական այցով եղել է Ռուս, Վրաց, Ղպտի, Եթովպիայի, Բուլղար, Անգլիկան Ուղղափառ եկեղեցիներում, Ռումին Օրթոդոքս, Ֆինլանդիայի Լութերական, ինչպես նաև այցելել է Էկումենիկ պատրիարքություն և Մալանկարայի Ուղղափառ սիրիական եկեղեցի, հանդիպում ունեցել էկումենիկ կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների և առաջնորդների հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել այլ կրոնների պետերի և ներկայացուցիչների հետ: 2010թ. ապրիլին, Բաքվում (Ադրբեջան) տեղի է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ I-ինի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կովկասի մուսուլմանների հոգևոր պետ Շեյխ Ուլ-Իսլամ Ալլահ Շյուքյուր Փաշա-զադեի եռակողմ հանդիպումը: Երեք պետերը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման շուրջ: Անկախությունից ի վեր, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայ բարձրաստիճան ներկայացուցիչներից միակն է, ով այցելել է Ադրբեջան: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է բազմաթիվ խաղաղասիրական նախաձեռնությունների և ֆորումների, աշխարհիկ և կրոնական կոնֆերանսների և էկումենիկ հավաքների: 2013թ. նոյեմբերին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ ժողովի ժամանակ, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է ութ նախագահներից մեկը՝ ութ տարի ժամկետով: Ներեկեղեցական կյանքում մեծ նշանակություն ունեցավ 2013թ. սեպտեմբերին տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովը: Այն առաջին անգամ գումարվել էր Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների նախագահությամբ և երկու կաթողիկոսությունների եպիսկոպոսնրի մասնակցությամբ:
ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին օծվել են բազմաթիվ նորակառույց եկեղեցիներ, կատարվել է նոր եկեղեցիների հիմնօրհնեք, ավարտվել են պատմական վանքերի և վանական համալիրների վերակառուցման աշխատանքներ:2001թ. սեպտեմբերի 23-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի օծումը, որը Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների մասն էր կազմում: Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարը աշխարհի ամենամեծ հայկական եկեղեցին է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինարարական և կառուցման ծրագիրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին:
Նոր շինություններ
Ս. Տրդատ Բաց խորան և Ս. Գրիգոր Լուսավորչի դարպաս
Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահ
Ս. Հրեշտակապետաց եկեղեցի
Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան
Դիվանատուն
Գևորգ 6-րդ էկումենիկ կենտրոն
«Վաչե և Թամար Մանուկյան» ձեռագրատուն
Միաբանական շենք
Գարեգին Ա կրթական կենտրոն
Վարչական շենք
Ճաշարան
Հայրապետական երևանյան նստավայր
Հայրապետական միջոցառումների կենտրոն՝ բացումը նախատեսված է 2016թ.:
Մոմավառության սրահ և հայրապետական գերեզմանատուն՝ բացումը նախատեսված է 2017թ.:
Վերանորոգումներ
Մայր Տաճար և թանգարան
Գևորգյան հոգևոր ճեմարան
Խրիմյան թանգարան
Վանատուն
Տպարան և գրատուն
Հին վեհարան և թանգարան
Սարկավագական կացարաններ
Ռուբեն Սևակ թանգարան
Վեհարան
Երեմյան խցեր Ամենայն Հայոց Կաթողիկոսի շինարարական գործունեությունը ներառում է նաև մի քանի ծրագրեր Վաղարշապատ քաղաքում: Դրանց թվում կարելի է նշել Վաղարշապատի Ատամնաբուժական կենտրոնը, Էօրնեկյան հանրակրթական դպրոցն ու մանկապարտեզը, Ներսիսյան անտառն ու խաղահրապարակը, ինչպես նաև խնամքի կենտրոն՝մեծահասակների համար:
Ազգաշինություն
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիների կարևոր ձեռքբերումներից է ՀՀ Կառավարության և Հայ եկեղեցու միջև 2000թ. մարտին ստորագրված փոխհամաձայնության հուշագիրը, որում համաձայնեցվում և հստակեցվում են բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: Հուշագրի շրջանակներում, 2000թ. սեպտեմբերին ստորագրվեց համատեղ համաձայնագիր Ազգային բանակում Հայ եկեղեցու հոգևոր սպասավորության վերաբերյալ, որը ԶՈւ հոգևոր սպասավորության ոլորտում նոր էջ բացեց: 2002թ. օգոստոսին ստորագրվեց Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանրապետռության բոլոր դպրոցներում դասավանդելու համաձայնագիր: 2014թ. ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որով նախանշվում է «Բանտերի հոգևոր սպասավորության» ծառայության գործունեությունը ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում: Շարունակելով աշխատանքը ընդլայնվեց գործունեությունը երիտասարդների շրջանում: Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ և հովանավորությամբ ավելացան Հայորդյաց տների թիվը , որոնք գործում են Էջմիածնում, Աշտարակում, Գյումրիում, Վանաձորում և Երևանի Նորք, Մալաթիա և Արաբկիր համայնքներում: Բացվեց նաև Քանաքեռի Մանրանկարչության կենտրոնը: Հայորդյաց տներին կից գործում են նաև բարեգործական ճաշարաններ, որոնց թիվն ավելանում է: Մեր հույս կազմակերպության և Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործում է Նագգաշյան մանուկների տունը, որը իր հարկի տակ ընդունում է ծնողազուրկ, կարիքավոր և ռիսկային խմբերի երեխաներին:Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ուշադրության արժանացան Երևանի Իզմիրլան և Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնները: 2001թ. հիվանդանոցը գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո: 2013թ. այն ամբողջովին կահավորվեց և համալրվեց նոր սարքավորումներով: Հիվանդանոցը հատուկ և ռիսկային խմբերի համար ցուցաբերում է անվճար բժշկական ծառայություն՝ նախնական զննում և խորհրդատվություն: Հիվանդանոցի բժշկական օգնությունը հասանելի է նաև հանրապետության մարզերում:
Ապագա կառույցներ
Գահակալության առաջին իսկ տարում Վեհափառ Հայրապետը հիմնադրեց «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնը: Նույն շենքում էր գտնվում Վաչե և Թամար Մանուկյան գրադարանը: Հարուստ գրադարանը մեծապես նպաստում էր Մայր Աթոռի միաբանների գիտական և աստվածաբանական մտքի զորացմանը: Կենտրոնում աշխատելու և գրականության հարուստ հավաքածուից օգտվելու հնարավորություն է ընձեռնվել նաև հայ և օտարազգի մտավորականներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծ կարևորություն է տալիս հոգևորականների նոր սերնդի ձևավորմանը: Հայոց Հայրապետի ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթօջախները նոր զարթոնք ապրեցին: Գյումրու ճեմարանի տեղում բացվեց Հառիճավանքի «Թրբանճյան ընծայարան» ավագ դպրոցը, որտեղ աստվածաբանական կրթություն են ստանում բազմաթիվ երեխաներ: 2002թ. ձևավորվել է Քահանայից լսարանը, որտեղ եռամյան հոգևոր կրթություն կարող են ստանալ բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկություն ունեն համալրելու հայ հոգևորականների շարքերը: 2010թ. օգոստոսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծվեց ծիսական հանձնախումբ` կազմված Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչներից: Հայ Եկեղեցու ծիսական հանձնախմբի աշխատանքներն ուղղված են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության առավել ամրապնդմանն ու արդյունավետ իրագործմանը, ծիսական կյանքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և ծիսական բարեկարգությանը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության առաջին տարիներին Շողակաթ հեռուստաընկերությունը Երևանից տեղափոխվեց Մայր Աթոռ, որով ավելի ընդլայնվեց գործունեության ոլորտը: Հետագայում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից Շողակաթ հեռուստաընկերությունը ստացավ հեռուստահեռարձակման իրավունք: 2011թ. Շողակաթ հեռուստաընկերությունը իր ծրագրերը հեռարձակում է Հայաստանի տեղային հաճախության 47 ալիքով: Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին մեծ տեղ գրավեց համացանցային լրտվությունը: Այդպիսով, տեղեկատվության արագ հասանելիություն ապահովվեց նվիրապետական աթոռների, թեմերի, ծխերի, հոգևոր դասի և հավատացյալների համար:Բացի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շատ բաժիններ ևս ունեն սեփական կայքէջերը: 2012թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում սահամանվել է Եղիցի լույս մրցանակը, որը տրվում է այն անձանք, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել համաշխարհային կինոաշխարհի հոգևոր, մշակութային, հումանիտար արժեքների ստեղծման գործում: 2015թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանվեց Հայրապետական կրթաթոշակ, որը տրվում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Հայ եկեղեցական կյանքում տեղի են ունեցել հետևյալ կարևոր իրադարձությունները: Քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպում, Մրբալույս մյուռոնի օրհնություն, Սրբադասման արարողություն՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով: Հայոց Հայրապետի գահակալության տարիներին կազմակերպվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը, որի ժամանակ քննարկվել և ընդունվել է Թեմական Կանոնադրության ուղենշային փաստաթուղթը: Ամենյան Հայոց Հայրապետի ձեռամբ առ այսօր քահանայական ձեռնադրություն են ստացել 350 հոգևորական և 27 եպիսկոպոս:
Մրցանակներ և կոչումներ
Նորին Սրբությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ, ինչպես նաև «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի նախագահն է: Նորին Սրբությանը շնորհվել է Արցախի և Երևանի պետական համալսարանների, ինչպես նաև Սալեզիանի Պապական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում:
Հայոց Հայրապետը պարգևատրվել է նաև
Հորդանանի բարձրագույն Ա. կարգի շքանշանով, «Բեթղեհեմ-2000», Ռումինիայի ազգային բարձրագույն պարգով, «Ռումինիայի աստղ» շքանշանով, Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» 5-րդ աստիճանի շքանշանով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Անդրեաս առաքյալի բարձրագույն շքանշանով, Ռուսաստանի Դաշնության «Բարեկամության շքանշան»- ով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով, Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում հատկանշական գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման և ամրապնդման համար» Ալեքսի Բ. Պատրիարքի անվան և «Վազգեն Սարգսյան» մրցանակներով:
Աղբյուրը՝ http://etchmiadzinlibrary.am/