Հայոց Եկեղեցու պատմությունը

Հայոց Եկեղեցու պատմությունը

Հայոց ազգային եկեղեցին պատկանում է այն եկեղեցիների թվին, որոնք այսօր ավելի հաճախ կոչվում են «Հին Արևելքի քրիստոնեական» կամ նաև «արևելյան ուղղափառ»: Սրանք են միայն առաջին երեք տիեզերական ժողովները ընդունած եկեղեցիները. Հայ Առաքելական, Ղպտի Ուղղափառ, Եթովպական Ուղղափառ, Ասորի Ուղղափառ (Հակոբիկյան) և Հնդկաստանի Մալաբար Ուղղափառ եկեղեցիները: Հայ եկեղեցին ծնունդ է առնում դեռևս առաքելական ավետարանչության ժամանակներից: Նախաքրիստոնեական շրջանում Քրիստոսի խոսքի նկատմաբ բաց մազդեզական միաստվածային կրոնից դրականորեն ազդված լինելով՝ քրիստոնեական ժամանակաշրջանի առաջին դարերում Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ էր Արևելքի հետ, որտեղից էլ և նոր կրոնը ներթափանցեց երկիր, չհաշված, որ Հարավում կար սիրիո-քրիստոնյաների ազդեցությունը. փոքր հրեական գաղութներ, որոնք ամենայն հավանականությամբ ծագում էին բաբելոնյան տիրապետության ժամանակներից: Ըստ ավանդության, հայ եկեղեցու հիմնադիրները Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներն են եղել: Մինչ 4-րդ դարը ունեցած տեղեկությունները պատմում են հայ եպիսկոպոսների և 150, 250 և 284 թվականների հալածանքների ու մարտիրոսների մասին, իսկ արդեն 4-րդ դարից սկսած քրիստոնեությունը դառնում է որպես պետական կրոն՝ ի շնորհիվ մեծն սուրբ Գրիգոր Լուսավորչի ծավալած գործունեության, որը 301 թվականին դավանափոխ անելով և մկրտելով թագավորին՝ կառուցում է առաջին եկեղեցին այն վայրում, որտեղ հիմնադրվել է Էջմիածին քաղաքը, իսկ իր քարոզով դավանափոխ է անում ամբողջ Հայաստանը: Գրիգոր Լուսավորիչն իր նստավայրը կենտրոնացնում է այդ ժամանակվանից թագավորության մայրաքաղաք դարձած Վաղարշապատում, որն այժմ գտնվում է Երևանից հարավ ընկած տարածքում, որտեղ, ըստ ավանդության, Քրիստոսի կողմից ցույց տրված վայրում, հիմնադրվում է Հայաստանյաց առաջին տաճարը, որտեղից էլ ծագում է Էջմիածին անվանումը, այսինքն՝ «Միածինը իջավ»: Չնայած որ ի սկզբանե Հայ Եկեղեցու հովվապետին դիմելու համար տրվել են բազմաթիվ անուններ, շուտով, սակայն, գերակշռում է կաթողիկոս անվանումը, որը 5-րդ դարից սկսած տարածվում է բյուզանդական կայսրության արևելյան ծայրամասերում: Վաղարշապատից հետո, ըստ ստորակարգության, երկրորդը ճանաչված Աշտիշատի նստավայրը Հարավում, վայելում է մեծագույն հեղինակություն և իշխանություն: Հեղինակությունը, հավանաբար, պայմանավորված էր հին ժամանակների քրիստոնեական համայնքների ներկայությամբ: Թագավորության դավանափոխության պահից սկսած՝ Հայաստանի ճակատագիրը անքակտելիորեն կապվում է հենց այդ պատմական ընտրությամբ: Դեռ մեկ ու կես դար չանցած՝ 451 թ.-ին Հայոց Եկեղեցին առաջին անգամ պիտի բախվեր իր համայնքի արյան մկրտությանը՝ հայտնի որպես «Վարդանանց նահատակներ» անվանմամբ՝ առաջնորդվելով հստակորեն ամրագրված և խոսուն կերպով արտահայտված հետևյալ կոչով. «Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանա մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել»: Այս համոզմունքը հետագա դարերում կնիք պիտի դառնար հայ ժողովրդի հոգու ու մշակույթի համար և խորհրդանշական կերպով արտահայտվեր 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ: Իսկապես, չնայած բնաջնջման ծրագրի հեղինակները թելադրված էին հատկապես կրոնական կարգի շարժառիթներից տարբեր գործոններով, ամեն դեպքում այս վերջինն էր, որ, փաստերից ելնելով, կյանքի և մահվան ընտրության հարցում պիտի դառնար խտրականության ակնհայտ չափանիշ. փրկվեցին միայն նրանք, ովքեր համաձայնեցին հավատարիմ մնալ քրիստոնեական հավատքին: «Վարդանանց նահատակների» տարին՝ 451թ.-ը, վճռական է համարվում հայոց պատմության մեջ նաև մեկ այլ պատճառով, չէ՞ որ հենց այդ նույն տարում էր, որ գումարվեց Արևմուտքի և Արևելքի քրիստոնյաների չորրորդ տիեզերական ժողովը, որը հետագայում հայերի կողմից պետք է մերժվեր: 451թ.-ի Հայ եկեղեցու համընդհանուր նահատակությունը, կարծես լիարժեք բացատրություն չէր ունենա, եթե հաշվի չառնենք գերկարևոր մեկ այլ իրադարձություն. որն է 5-րդ դարում (404-406) գրերի և հետևաբար գրային մշակույթի ստեղծումը վարդապետ սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Կաթողիկոս սուրբ Սահակ Պարթևի կողմից՝ համագործակցությամբ նրանց բազմաթիվ հետևորդների: Չնայած որ գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցին ներշնչված է եղել միսիոներական անհրաժեշտությունից ելնելով, դրա իրականացումը, սակայն, ի վերջո եզակի կնիք համարվելով՝ դարձավ նաև հավատքի և մշակույթի, ազգության և կրոնի միջև հաստատված հայ դաշինքի մաքուր օրինակ: Տարբեր դարերում կաթողիկոսական նստավայրը շատ անգամ է փոխվել: Վաղարշապատը, Դվինը, Արգինան, Անին առաջին հազարամյակում եղել են Մեծ Հայքի գլխավոր նստավայրերը: 1152թ.-ին նստավայրը նախ հաստատվում է Կիլիկիայում՝ Եփրատի ստորին թևին գտնվող Հորոմկլա քաղաքում՝ հետագայում 1292թ.-ին Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք՝ Սիս, տեղափոխելու նպատակով: 1441թ-ին Մեծ Հայքի վադապետներն ու եպիսկոպոսները Գրիգոր Մուսաբեկյան կաթողիկոսին խնդրում են նստավայրը վերադարձնել հիմնադրման վայր: Նրանց մերժմանը ի պատասխան՝ Արևելքում ընտրվում է նոր կաթողիկոս: Սիս քաղաքի եկեղեցու առաջնորդը, ըստ Կիլիկիայում սահմանափակվող իրավասության, շարունակում է կրել «Կիլիկիայի կաթողիկոսի» տիտղոսը, մինչդեռ Էջմիածնի Կաթողիկոսը ճանաչվում է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1915թ.-ի ցեղասպանությանը և Անատոլիայի հայկական ինստիտուտների ոչնչացմանը հաջորդիվ Սիսի նստավայրը տեղափոխվում է Անթիլիաս քաղաք, Լիբանան: Հայ եկեղեցին ունի նաև կաթողիկոսական աթոռից ավելի ցածր տեղ զբաղեցնող երկու պատրիարքություն (պատրիքարքներ) որոնք, ինչպես արդեն նշվեց, գտնվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի ենթակայության ներքո. վաղ միջնադարում հիմնված Երուսաղեմի և օսմանյան ռեժիմի հաստատումից անմիջապես հետո հիմնված Կոստանդնուպոլսի պատրիարքարանները: